Jump to content

Կապոսի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ Մծբնա վանք (այլ կիրառումներ)
Կապոսի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված12-րդ դար

Կապոսի վանք[1], Սբ. Հակոբ Մծբնա հայրապետի վանք, հայկական կրոնական կառույց Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց ու Եկեղյաց գավառների սահմանագծին՝ Սեպուհ լեռան արևելյան լանջի դարավանդի վրա։ Հիմնվել է 12-րդ դարում (ավանդաբար կապում են Տրդատ Գ-ի ժամանակների հետ)։

Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1230 թվականից։ 13–15-րդ դարում կրոնական ու գրչության հայտնի կենտրոն էր. ունեցել է վարդապետարան, գրատուն, եղել եպիսկոպոսանիստ։ 1416 թվականին վանքը հրդեհել ու ավերել են ակկոյունլու հրոսակները։ Որոշ ժամանակ անց վերանորոգվել է՝ «առավել ևս շքեղ, քան առաջ»։ 1425 թվականին կառուցվել է վանքի գավիթը։ 1535 թվականին ավերվել է երկրաշարժից. քանդվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, շենքերի մեծ մասը։ 16-րդ դարում Կապոսի վանքը անկում է ապրել։ 1684 թվականին հիմնովին վերանորոգվել է վանահայր Ավետիք Եվդոկացու ջանքերով։ 17-րդ դարում Կապոսի վանքը դեռևս Բարձր Հայքի ամենանշանավոր վանքերից էր։

Կապոսի վանքի Սբ. Հակոբ եկեղեցին ունեցել է երկմույթ գմբեթավոր հորինվածք, հատակագծում՝ պայտաձև խորանի երկու կողմերում ավանդատներով։ Եկեղեցում պահվել են Հակոբ Մծբնացու մասունքները։ Ուշագրավ են Ավագ խորանի կամարի խոյակներին ցուլի գլխի և քայլող առյուծի պատկերաքանդակները։ Վանքի երկրորդ՝ Ս. Սիոն եկեղեցին, գավիթը, պարիսպը, խցերը և աշխարհիկ մյուս շինություններն այսօր ամբողջովին ավերակ են։

Կապոսի վանքի դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապոսի վանքի դպրոցը հայ գրչության և ուսումնառության կենտրոններից էր։ Գրչության արվեստը ծաղկել է 13–15-րդ դարերում (13-րդ դարից հայտնի է երեք ձեռագրի ընդօրինակություն), իսկ դպրոցը համբավ է ձեռք բերել հատկապես 14-րդ դարի վերջից, երբ րաբունապետ է եղել Տաթևի համալսարանի սան Գևորգ Երզնկացին։ Կապոսի վանքի դպրոցում ուսանելու են եկել Հայաստանից և այլ վայրերից։ Հակոբ Ղրիմեցին այստեղ է հմտացել տոմարագիտության մեջ և հետագայում այդ առարկան դասավանդել նույն, ապա՝ Մեծոփավանքի դպրոցում։ Գևորգ Երզնկացու մահից (1416) հետո դպրոցը մի քանի տասնամյակ անշքացել է, բայց վերստին ծաղկել և համալսարան է դարձել Հովհաննես Համշենցու րաբունապետության օրոք։ Վանքի գրչատանն են ընդօրինակվել Մատենադարանում պահվող Հակոբ Ղրիմեցու ժողովածուն (1389), Քարոզգիրք (1416), Լուծմունք (1494, գրիչ՝ Մաղաքիա Բաբերտացի) և բազմաթիվ այլ ձեռագրեր։ Ընդօրինակությունների մի մասն էլ պահվում է Երուսաղեմի և Վիեննայի մատենադարաններում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը. Յուշամատեան». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին. {{cite web}}: Text "Aniarc" ignored (օգնություն)
  2. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 475 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ոսկյան Հ., Բարձր Հայքի վանքերը, Վնն., 1951:
  • Թիերի Ժ. Մ., Սեպուհ լեռան հուշարձանները (հնագիտական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1989, № 4–6:
  翻译: