Կորդովա (իսպ.՝ Cordoba), քաղաք Արգենտինայում, Կորդովա նահանգի վարչական կենտրոնը։ 781, 6 հազար բնակչություն (արվարձաններով, 1978)։ Արդիական կենտրոն է, երկաթուղային հանգույց։ Կա մեքենաշինական, սննդի, կաշվի արդյունաբերություն։ Ունի համալսարան (1613 թվականից)։
1920-ական թվականներին Արգենտինա գաղթած կիլիկիահայերի մի մասը բնակություն է հաստատել Կորդովայում։ Հայերին համախմբող կազմակերպությունը «Հայ գաղութային միությունն» է։ Համայնքի կազմավորման տարիներին գործել է ՀՕԿ-ի մասնաճյուղը։
Այժմ գործում են Արգենտինահայ մշակութային միության, ՀԲԸՄ Կորդովայի մասնաճյուղերը, հայրենակցական միություններ, մարզական, երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև Սահակ-Մեսրոպ վարժարանը և հայկական եկեղեցի։ 1979 թվականին այնտեղ բնակվում էր շուրջ 4 հազար հայ՝ հիմնականում առևտրականներ, արհեստավորներ, փաստաբաններ և այլն։ Կորդովայի փողոցներից մեկը կոչվում է «Արմենիա»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 645)։