Հալիֆաքս
Բնակավայր | ||
---|---|---|
Հալիֆաքս | ||
անգլ.՝ Halifax Regional Municipality | ||
Երկիր | Կանադա | |
Համայնք | Նոր Շոտլանդիա | |
Հիմնադրված է | 1749 թ. | |
Մակերես | 5490,90 կմ² | |
ԲԾՄ | 28 մետր | |
Բնակչություն | ▲440 072 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | ADT? | |
Հեռախոսային կոդ | 902 | |
Պաշտոնական կայք | halifax.ca(անգլ.) | |
| ||
Հալիֆաքս (անգլ.՝ Halifax Regional Municipality, գաել.՝ Halafacs Regyonal Municipality), քաղաք Կանադայում, հանդիսանում է Նոր Շոտլանդիա նահանգի վարչական կենտրոնը։ Տարածքը կազմում է 5490,18 կմ²։ Բնակչության թիվը 403.131 է, ագլոմերացիան՝ 413,7 հազար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալիֆաքսը գտնվում է այն տեղում, որտեղ նախկինում ապրել են միկմաք բնիկ ժողովուրդը[2]։ Նրանք բնակվել են նաև Էդուարդ արքայազնի կղզում, Նյու Բրանսուիկ, Նոր Շոտլանդիա նահանգներում և այլն։ Առաջին եվրոպական բնակեցումը Կանադայի տարածքում եղել Հալիֆաքսի թերակղզում։
Հալիֆաքսի բնակեցումը անգլիացիների կողմից հանգեցրել է անգլո-միկմաքյան պատերազմի սկսմանը[3]։ Պատերազմը սկսվել է 1749 թվականին հունիսի 21-ին, երբ բրիտանացի զորավար Էդվարդ Կորնուալիսը ժամանել է Հալիֆաքս։ Միակողմանի գրավելուվ Հալիֆաքսը՝ բրիտանացիները խախտում են տեղի բնիկ ժողովուրդների հետ 1726 թվականին կնքված պայմանագիրը։ Ֆրանսիացիները ժողովրդի հետ միասին հարձակվում են բրիտանացիների հիմնած ամրությունների վրա։ Բրիտանացիները ամրություններ էին կառուցել՝ Բեդֆորդում (1749 թ.), Դարտմութում (1750 թ.), Լավրենսթունում (1754 թ.): Պատերազմը ավարտվել է 1755 թվականին։
1917 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել Կանադայի պատմության ամենամեծ աղետներից մեկը. ֆրանսիական «SS Mont-Blanc» նավը բախվել է բելգիական «SS Imo» նավին՝ Հալիֆաքս նավահանգստի և Բեդֆորդ ավազանի միջև։ Արդյունքում տեղի է ունեցել հզոր պայթյուն[4]։ Մահացել է 2000 մարդ, վիրավորվել՝ 9000 հոգի։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն քաղաքի բնակչության թիվը 390,086 է եղել, իսկ 2016 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Հալիֆաքսում բնակվում է 403,131 մարդ։ Նկատվել է 3,3% տոկոսային աճ։
Քաղաքացիների մեծամասնությունը (91 %) սպիտակամորթ է, սևամորթ են 4%-ը, չինացիներ՝ 1%-ը։
Բնակիչների մոտ 85 %-ը քրիստոնյաներ են, 12 %-ը՝ աթեիստներ։ Ըստ ծագման՝ քաղաքացիների մեծ մասը Անգլիայից, Շոտլանդիայից և Իռլանդիայից տեղահանվածների ժառանգներ են։ Ըստ 2016 թվականի տվյալների՝ Հալիֆաքսում բնակչությունը խոսում է հետևյալ լեզուներով՝
Լեզու | Բնակչություն | Տոկոս (%) |
---|---|---|
Անգլերեն | 353,165 | 89.6% |
Ֆրանսերեն | 10,140 | 2.6% |
Արաբերեն | 6,430 | 1.6% |
Մունդարերեն | 3,950 | 1.0% |
Իսպաներեն | 1,375 | 0.3% |
Գերմաներեն | 1,205 | 0.3% |
Ռուսերեն | 1,150 | 0.3% |
Պարսկերեն | 1,145 | 0.3% |
Հանցավորության մակարդակը բավականին բարձր է կանադական չափանիշներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատլանտիկական Կանադայի տարածաշրջանում Հալիֆաքսը հանդիսանում է ամենամեծ տնտեսական, ֆինանսական, տրանսպորտային և կրթական կենտրոնը։ Քաղաքում զարգացած են նավաշինությունը, ավտոմոբիլաշինությունը, նավթավերամշակումը, ձկնարդյունաբերությունը։ Նավահանգստի բեռնաշրջանառությունը գերազանցում է տարեկան 10 միլիոն տոննան։
Քաղաքային տնտեսության մեջ զգալի ներդրում ունի զբոսաշրջությունը (տարեկան մոտ 600 000 զբոսաշրջիկ)։
Քաղաքի երկու խոշորագույն գործատուներն են Կանադայի զինված ուժերը և Հալիֆաքսի ծովային նավահանգիստը։
Հալիֆաքսում է գտնվում Alexander Keith's գարեջրի գործարանը։
Վերջին տարիներին սկսել են մշակվել բնական գազի հանքավայրերը քաղաքին մերձակա շելֆում (Սեյբլ կղզու մոտ)։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը սպասարկվում է Սթենֆիլդի միջազգային օդանավակայանի կողմից (IATA. YHZ, ICAO. CYHZ), տարեկան 3,5 միլիոն ուղևորով (2010)։ Կանոնավոր չվերթներ են իրականացվում դեպի Կանադայի, ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներ և Կարիբյան ծովի հանգստավայրեր, ինչպես նաև Լոնդոն, Մայնի Ֆրանկֆուրտ և Ռեյկյավիկ։
Հալիֆաքսի Նավահանգստը ծառայում է ժամանող կրուիզային նավերին, ինչպես նաև երկու տեղական լաստանավային գծերին։ Նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան մոտ 10 մլն տոննա է։
Հալիֆաքսը Կանադայի երկաթուղային համակարգի ծայրահեղ արևելյան կետն է, որը ծառայում է բեռների՝ ծովից դեպի երկաթուղային տրանսպորտ և հետ փոխանցմանը։ Շաբաթական երեք անգամ Հալիֆաքս-Մոնրեալ երթուղով ուղևորատար գնացք է երթևեկում՝ Օվկիանոսը (Ocean), որը Հյուսիսային Ամերիկայի անվանական ամենահին գնացքներից է։
Քաղաքի հասարակական տրանսպորտը կառավարվում է Metro Transit (Halifax) կազմակերպության կողմից և ներկայացված է 56 ավտոբուսային երթուղիներով ու երկու լաստանավային գծերով։
Կրթություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են հետևյալ համալսարանները՝ Դալհաուզիի, Սուրբ Մարիամի, Մաունթ Սենտ Վինսենթի, Թագավորական քոլեջի, Սուրբ Աննայի, NSCAD համալսարանները և Ատլանտյան աստվածաբանության դպրոցը։ Քաղաքը Կանադայի արևելքի համալսարանական կենտրոններից մեկն է։
Հալիֆաքսում հանրային և մասնավոր դպրոցների լավ զարգացած ցանց կա, որտեղ ուսուցումն իրականացվում է առաջինից տասներկուերորդ դասարաններում. 136 հանրային դպրոցներ գտնվում են քաղաքի տարածաշրջանային դպրոցական խորհրդի, վեց պետական դպրոցներ նահանգային խորհրդի հսկողության ներքո։ 14 մասնավոր դպրոցներ գործում են ինքնուրույն[5]։
Հալիֆաքսը Ատլանտիկական Կանադայի ամենախոշոր մշակութային կենտրոնն է։ Քաղաքը պահպանել է իր ծովային ու ռազմական ավանդույթների մեծ մասը՝ միաժամանակ բացելով իր դռները այլ մշակույթների առջև։ Հալիֆաքսն ունի մի շարք պատկերասրահներ, թանգարաններ և թատրոններ, այդ թվում՝ «Նեպտուն» թատրոնը, Նոր Շոտլանդիայի բնական պատմության թանգարանը, Ատլանտիկայի ծովային թանգարանը, ռազմական թանգարանը, Կանադայի ներգաղթի թանգարանը, Նոր Շոտլանդիայի պատկերասրահը։ «Նեպտուն» թատրոնը Հալիֆաքսի ամենամեծ թատրոնն է և ավելի քան 43 տարեկան է։ Ամբողջ տարվա ընթացքում թատրոնում բեմադրվում են հայտնի գրողների պիեսներ և ներկայացումներ։ Հալիֆաքսը նաև կինոարտադրության կարևորագույն կենտրոններից մեկն է։ Հայտնի է նաև «Ռեբեկա Քոհ» դահլիճը։
Հալիֆաքսի նոր կենտրոնական գրադարանը ճանաչում է ստացել իր ճարտարապետության շնորհիվ՝ նկարագրվելով որպես նոր մշակութային կենտրոն, որն ունի նաև 300 տեղանոց լսարան։
Քաղաքում համերգներ են տալիս երաժշտական կոլեկտիվներ, որոնցից առավել հայտնի է Նոր Շոտլանդիայի սիմֆոնիկ նվագախումբը[6]։ Հալիֆաքսում տեղի են ունեցել մի շարք փառատոներ՝ Ատլանտիկական կինոփառատոնը, Ատլանտիկական ջազ փառատոնը, դաջվածքների միջազգային փառատոնը, փողոցային երաժիշտների միջազգային փառատոնը և այլն։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալիֆաքսում զարգացած է տուրիզմը։ Քաղաքում կան շատ տեսարժան վայրեր, կենտրոնում կան մի քանի թանգարաններ և պատկերասրահներ։ Կանադայի ներգաղթի թանգարանը, որը գտնվում է Պիեր 21 հասցեում, ներկայացնում է 1930-ականների, 1940-ականների և 1950-ականների ներգաղթյալների պատմությունը, բացվել է 1999 թվականին՝ որպես ազգային պատմական հուշարձան Կանադայում և հանդիսանում է միակ ազգային թանգարանը ատլանտյան նահանգներում։ Քաղաքի ամենահայտնի թանգարաններից է։ Մեկ այլ հայտնի թանգարան է Ատլանտիկայի ծովային թանգարանը, որն ունի ծավալուն պատկերասրահ, որտեղ նմուշներ կան «Տիտանիկ» նավից, ինչպես նաև այլ հետաքրքիր թանգարանանմուշներ։ Նոր Շոտլանդիայի 150-ամյա պատկերասրահն ունի ավելի քան 9000 ցուցադրման նմուշ։ Քաղաքի սահմաններից մի փոքր դուրս գտնվող «Peggy's Cove» տեսարժան վայր են այցելում տարեկան 600.000 զբոսաշրջիկ[7]։
«Halifax Boardwalk»-ը քաղաքի այցեքարտերից է։ Այն ձգվում է ավելի քան երեք կիլոմետր։ Քաղաքի կենտրոնում կան ավելի քան 200 ռեստորան և սրճարան։ Կան նաև մայթեզրային սրճարաններ (որոնց թիվը հասնում է 60-ի), որոնք բացվում են միմիայն ամռանը։ Զբոսաշրջիկներին գրավում են Հալիֆաքսի զբոսաշրջային նավերը։ 2015 թվականին զբոսաշրջային նավերից օգտվել է 222,309 զբոսաշրջիկ։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կան նաև տարբեր մարզական և զվարճանքի կենտրոններ։
Հոկեյի «Halifax Mooseheads» թիմը հանդես է եկել Քվեբեկի հոկեյի պատանեկան գլխավոր լիգայում և հաղթանակ է տոնել 2012-2013 նախագահական գավաթում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գիշերային քաղաք
-
Հալիֆաքսի քաղաքապետարան
-
Հանրային այգու մուտքը
-
Դինգլ աշտարակը ձմռանը
-
Հալիֆաքս. նավահանգստի տեսարան
-
Դալհաուզիի համալսարանը, սեպտեմբեր 2002 թվական
-
Բնակելի տարածք արվարձաններում
-
Կամուրջ քաղաքային ծովախորշի վրա
-
Փոյնթ Պլեզանտ պարկը մինչև 2003 թվականի սեպտեմբերի Խուան փոթորիկը
-
2003 թվականի սեպտեմբերի 29-ի Խուան փոթորկից հետո
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Laffoley, Steven (2007). Hunting Halifax: In Search of History, Mystery and Murder. Pottersfield Press. 978-1895900934.
- Parker, Mike Fortress Halifax: Portrait of a Garrison Town. — Nimbus Publishing, 2009. — ISBN 9781551094946
- Poole, Stephen Halifax: Discovering Its Heritage. — Formac Publishing Company Limited, 2012. — ISBN 9781459500525
- Soucoup, Dan A Short History of Halifax. — 2014. — ISBN 9781771081849
- Tattrie, Jon Cornwallis: The Violent Birth of Halifax. — Pottersfield Press, 2013. — ISBN 9781897426487
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www12.statcan.gc.ca/census-recensement/2021/dp-pd/prof/details/page.cfm?DGUIDlist=2021A00031209&GENDERlist=1&HEADERlist=0&Lang=E&STATISTIClist=1&SearchText=Halifax
- ↑ «Halifax schools to start each day by recognizing Mi'kmaq lands». CBC News. Արխիվացված օրիգինալից հուլսի 27, 2017 թ.-ին. Վերցված է հուլիսի 14, 2017 թ.-ին.
- ↑ Grenier, John. The Far Reaches of Empire. War in Nova Scotia, 1710-1760. Norman: U of Oklahoma Press, 2008; Thomas Beamish Akins. History of Halifax. Brookhouse Press, 1895. (2002 edition). p. 7
- ↑ «CBC - Halifax Explosion 1917». Canadian Broadcasting Corporation. սեպտեմբերի 19, 2003 թ. Արխիվացված օրիգինալից փետրվարի 3, 2017 թ.-ին. Վերցված է փետրվարի 25, 2011 թ.-ին.
- ↑ «Nos Écoles». Conseil scolaire acadien provincial. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 8, 2008 թ.-ին. Վերցված է հոկտեմբերի 11, 2014 թ.-ին.
- ↑ «The Canadian Encyclopedia — Halifax». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Peggy's Cove: Assessment of Capacity Issues and Potential Tourism Opportunities» (PDF). The Economic Planning Group of Canada. Արխիվացված է օրիգինալից (PDF) հունվարի 21, 2012 թ.-ին. Վերցված է դեկտեմբերի 26, 2011 թ.-ին.
- ↑ https://www.canadainternational.gc.ca/japan-japon/bilateral_relations_bilaterales/sistercity-jumelage.aspx?lang=eng
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիֆաքս» հոդվածին։ |
|