Jump to content

Պրահայի պետական օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրահայի պետական օպերա
Տեսակօպերային թատրոն և թատրոն
Երկիր Չեխիա[1]
Գտնվելու վայրըՎինոգրադի
Հիմնադրման ամսաթիվհունվարի 5, 1888
ՃարտարապետFellner & Helmer
Կայքnarodni-divadlo.cz/en/state-opera
 Státní opera Վիքիպահեստում

Պրահայի պետական օպերա (Czech: Státní opera), օպերային թատրոն Պրահայում (Չեխիա)։ Այն Չեխիայի Հանրապետության Ազգային թատրոնի մի մասն է, որը հիմնադրվել է Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից 1992 թվականին։ Թատրոնը սկզբնապես բացվել է որպես Նոր գերմանական թատրոն (1888-1938), այնուհետև Մայիսի 5-ի թատրոն (1945-1948), իսկ դրանից հետո միացվել է Ազգային թատրոնին և հայտնի է եղել որպես Սմետանա թատրոն (1949-1992)։

Թավշյա հեղափոխությունից հետո Սմետանա թատրոնը 1992 թվականին կրկին անջատվել է Ազգային թատրոնից և վերանվանվել է Պրահայի պետական օպերա։ Ներկայումս այստեղ տարեկան մոտ 300 ներկայացում է տեղի ունենում։

Նոր գերմանական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնօրինակ վարագույրի կրկնօրինակը
Առաստաղի դետալ, նեոռոկոկո

Թատրոնի պատմությունը, որը ներկայումս հայտնի է որպես Պրահայի պետական օպերա, սկսվում է 19-րդ դարի վերջին։ Թեև հաճախ ստվերվում է Պրահայի ավելի նշանավոր Ազգային թատրոնի կողմից, ընկերությունն ունի իր հստակ պատմությունը։ Չեխական հոյակապ թատրոնի՝ Ազգային թատրոնի ծնունդը 1883 թվականին Պրահայի գերմանական համայնքի շրջանում սեփական գերմանալեզու օպերային թատրոն ունենալու ցանկություն էր առաջացրել. այդ ժամանակ Չեխիայի հողերը Ավստրո-Հունգարական կայսրության մաս էին կազմում, և Պրահայում ապրում էր գերմանական մեծաթիվ փոքրամասնություն։

Օպերայի առաստաղի նեոռենեսանս ձևավորում

1883 թվականի փետրվարի 4-ին հիմնադրվեց Գերմանական թատերական ասոցիացիան (Deutsche Theaterverein), որի նպատակն էր միջոցներ հայթայթել նոր թատրոնի համար։ 1886 թվականին ծրագիրը հաստատվեց, գնվեց հողատարածք։ Ծրագրերի մշակումն իրականացնելու գորգծ տրվեց վիեննական հայտնի Fellner & Helmer ընկերությանը՝ Վիեննայի Բուրգ թատրոնի ճարտարապետ Կարլ Հասենաուերի հետ միասին[2]։ Նոր գերմանական թատրոնը նախագծեց Պրահայի ճարտարապետ Ալֆոնս Վերտմյուլերը և կառուցվեց 20 ամսվա ընթացքում[3]։ Իր ընդարձակ դահլիճով և մշակված նեոռոկոկո դեկորով թատրոնն ամենագեղեցիկներից մեկն էր Եվրոպայում։

Ներկայացումները սկսվեցին 1888 թվականի հունվարի 5-ին Ռիխարդ Վագների Die Meistersinger von Nürnberg օպերայով։ Առաջին ռեժիսորը Անջելո Նոյմանն էր, ով այնտեղ բերեց անվանի երաժիշտներ և սահմանեց գեղարվեստական բարձր չափանիշներ, որով թատրոնը շուտով հասավ միջազգային ճանաչման։ Նոյմանի իրավահաջորդներն էին Հենրիխ Թեվելեսը, Լեոպոլդ Կրամերը, Ռոբերտ Վոլկները, Փոլ Էգերը և Պավել Լյուդիկարը։ Թատրոնի հետ կապված արտիստներից էին Կուրտ Ադլերը (դիրիժոր), Ալեքսանդր Զեմլինսկին, Ջորջ Շելը, Էրիխ Կլայբերը, Օտտո Կլեմպերերը, Ալֆրեդ Պիկավերը, Հանս Հոթերը, Կուրտ Բաումը և Վիլհելմ Էլսները։ Հյուր արտիստների թվում էին Նելլի Մելբան, Էնրիկո Կարուզոն, Էմմա Կալվեն, Լիլի Լեմանը, Սելմա Կուրցը, Մարիա Ջերիցան, Ռիխարդ Տաուբերը և Լեո Սլեզակը[2]։

Նացիստական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականներին նացիստների աճող սպառնալիքի հետ մեկտեղ Պրահայի Նոր գերմանական թատրոնը ժողովրդավարության բաստիոններից էր՝ ծառայելով որպես ապաստան Գերմանիայից փախած արտիստների համար։ Քաղաքական զարգացումները Մյունխենի համաձայնագրի ստորագրումից անմիջապես առաջ, ֆինանսական խնդիրների հետ միասին, այնուամենայնիվ, ստիպեցին Գերմանական թատերական ասոցիացիային փակել թատրոնը 1938 թվականի սեպտեմբերին[4]։

Չեխոսլովակիայի պետությունը շահագրգռվածություն հայտնեց շենքի նկատմամբ, սակայն 1939 թվականի մարտի 15-ին Չեխոսլովակիայի նացիստական օկուպացիան և «Բոհեմիայի և Մորավիայի հովանավորչության» ստեղծումը խափանեցին նրա ծրագրերը։ Գերմանական օպերային թատրոն նոր անվամբ թատրոնը ծառայում էր Նացիստական կուսակցության քաղաքական համագումարներին և երբեմն Ռայխին հյուր անսամբլների ելույթներին։

Մայիսի հինգի թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստների գլխավորած կառավարության անկումից հետո 1945 թվականի մայիսին տեղի ունեցավ արմատական փոփոխություն։ Ալոիս Հաբայի, Վացլավ Կաշլիկի և Անտոնին Կուրշի գլխավորած չեխ արվեստագետների խումբը նախկին գերմանական օպերային թատրոնում հիմնեց Մայիսի հինգի թատրոնը։ Առաջին անգամ թատրոնը դարձավ ոչ թե գերմանական, այլ չեխական օպերայի տուն։ Առաջին ներկայացումը 1945 թվականի սեպտեմբերի 4-ին Բեդրժիխ Սմետանայի «Բրանդենբուրգերները Բոհեմիայում» օպերան էր։ Նոր անսամբլի գեղարվեստական օրակարգը ձգտում էր ստեղծել ավանգարդ թատրոն, որը կծառայեր որպես այլընտրանք ավելի պահպանողական Ազգային թատրոնին։

1946 թվականի օգոստոսի 29-ին ներկայացվեց Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» թատերական նոր ապշեցուցիչ բեմադրությունը և նախկինում անձեռնմխելի Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» ներկայացման ոչ ավանդական բեմադրությունը, որին հաջորդեց Ալոիս Հաբայի «Մայրիկ» քառաձայն օպերան, Սերգեյ Պրոկոֆևի «Նշանադրությունը մենաստանում» և ուրիշներ։ Թատրոնի նորարարական բեմադրությունները գրավեցին հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը, ներառյալ արտերկրից։ Այդպիսով, Մայիսի հինգի մեծ օպերային թատրոնի հաջողությունը սկսեց անցանկալի մրցակցություն ստեղծել Ազգային թատրոնի համար։

1948-1949 թվականների սեզոնից սկսած՝ կառավարության որոշմամբ Մեծ օպերան ընդգրկվեց Ազգային թատրոնի կազմում։ Այսպիսով, թատրոնի երկրորդ նշանակալից ստեղծագործական շրջանն ավարտվեց ընդամենը երեք եթերաշրջանից հետո։

Սմետանա թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրահայի պետական օպերայի տանիքի քանդակների մանրամասներ

1949 թվականի նոյեմբերին շենքը վերանվանվեց Սմետանա թատրոն, որը Չեխիայի կոմունիստական կուսակցության կառավարության օրոք ործում էր որպես Ազգային թատրոնի երկրորդ տուն։ Հաշվի առնելով բեմական հարմարությունները՝ այն հարմար էր համաշխարհային օպերային երգացանկի մեծածավալ ստեղծագործությունների համար։ Գերակշռում էին բալետային ներկայացումները։ Սմետանայի թատրոնում տեղադրված օպերային բեմադրությունները կարող էին գրավել շատ մենակատարների, դիրիժորների և ռեժիսորների։ Այնուամենայնիվ, կազմակերպչական բաժանումը հաճախ գործառնական մեծ դժվարությունների տեղիք էր տալիս։

Երգացանկը նախատեսում էր չեխական ժամանակակից օպերաների բեմադրություններ, բայց Բեդրժիխ Սմետանայի, Անտոն Դվորժակի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններն անտեսվեցին։ Այնուամենայնիվ, ստանդարտ երգացանկը ձևավորվեց համաշխարհային օպերային գրականության հիմնական և փոքր ստեղծագործություններից, և բավականին մեծ թվով բեմադրություններ արժանացան միջազգային ճանաչման։

Մեծ բեմական հարմարությունների շնորհիվ Սմետանա թատրոնը հաճախակի օգտագործվում էր միջազգային օպերային, բալետի և դրամայի ընկերությունների կողմից, որոնք հրավիրվում էին Պրահա հյուրախաղային ներկայացումների համար։ Դրանց թվում էին Մեծ թատրոնի վեց ներկայացումների շարքը (1973 թվականի մայիսի 23-28) և Վիեննայի պետական օպերայի Ռիխարդ Շտրաուսի «Արիադնեն Նաքսոսում» օպերայի երկու ներկայացումը, որը ղեկավարում էր Կառլ Բյոմը, իսկ Զերբինետայի դերում` Էդիտա Գրուբերովան էր (1979 թվականի ապրիլի 25 և 27)։

Պրահայի պետական օպերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի նոյեմբերի թավշյա հեղափոխությունից հետո Սմետանայի թատրոնի անկախությունը վերականգնելու ջանքերը պսակվեցին հաջողությամբ, և ապրիլի 1-ին այնտեղ հիմնվեց Պրահայի պետական օպերան, և թատրոնը կրկին վերանվանվեց։ Կարել Դրգաչը (Karel Drgáč) դարձավ նրա առաջին տնօրենը։ Նա ընդլայնեց երգացանկը համաշխարհային օպերային գրականության հետագա առանցքային գործերով։ Ինչը նրան միանշանակ քննադատական գովասանքի արժանացրեց, հատկապես 20-րդ դարի ստեղծագործական ժառանգության նրա համակարգված մշակումն էր (Ալեքսանդր Զեմլինսկի, Հանս Կրասա, Գոտֆրիդ ֆոն Էյնեմ)։

Աշխատաոճը և Նոր գերմանական թատրոնի ավանդույթների նկատմամբ շատ ընդգծված կողմնորոշումը միշտ չէ, որ լավ էին ընդունվում։ Այսպիսով, Դրգաչը ստիպված էր մի շարք մարտեր վարել՝ պետական օպերայի գոյության համար պատերազմում հաղթելու համար։ Իսկ մինչ այդ նա պարտվեց սեփական ճակատամարտում, երբ իր եռամյա ժամկետը լրանալուց հետո մեցցո-սոպրանո Եվա Ռանդովան հաղթեց 1995 թվականին տնօրենի պաշտոնի համար անցկացված մրցույթում։ Այնուամենայնիվ, նույնիսկ աշխարհի ամենահեղինակավոր թատրոններում փորձ ունեցող երգչուհին չէր կարող խուսափել հետագայում Թատրոնը ղեկավարելու իր ձևի քննադատությունից։ Նրա իրավահաջորդը՝ Դանիել Դվորժակը (Daniel Dvořák), շատ առումներով շարունակեց Կարել Դրգաչի տենդենցը։ Նա Պրահայի պետական օպերան հասկանում էր որպես թատրոն, որը պետք է ներառվեր եվրոպական համատեքստում, իսկ օպերան՝ որպես ժանր, որի զարգացմանն անհրաժեշտ էր օգնել նոր ստեղծագործություններին աջակցելու միջոցով։ Նրա չորս եթերաշրջանների ընթացքում (1998–2002) Պրահան հնարավորություն ունեցավ ստանալ աննախադեպ թվով համաշխարհային պրեմիերաներ։

Այն բանից հետո, երբ Դվորժակը թողեց իր պաշտոնը՝ Պրահայի Ազգային թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնելու համար, Չեխիայի մշակույթի նախարարը Յարոսլավ Վոցելկային նշանակեց Պրահայի պետական օպերայի ղեկավար։ Նախկինում նրա գործադիր տնօրեն Վոցելկայի երկարամյա փորձը օպերային կառավարման ոլորտում թույլ տվեց սահուն անցում կատարել ընկերությանը։

Պրահայի պետական օպերան ներկայումս վարում է առաջադեմ ծրագրավորման քաղաքականություն։ Սքոթ Ջոպլինի Տրիմոնիշա օպերայի նոր ներկայացումը, Ռուջերո Լեոնկավալոյի La bohème, Էուգեն դ'Ալբերտի Թիֆլենդ (թարգմանաբար` Ստոր մղումներ) և Լեոնարդ Բերնշտեյնի Քենդիդը բոլորն էլ եղել են ծրագրերի կառուցման քաղաքականության առանցքային աշխատանքներ։ Վոցելկան նաև շարունակել է բարեգործական և մարդասիրական բազմաթիվ նպատակների համար բարեգործական համերգներ բեմադրելու ավանդույթը և թատրոնը հասանելի է դարձրել մշակութային և սոցիալական միջոցառումների համար։

2003 թվականին օպերայի բալետի կորպուսը միավորվեց Պրահայի կամերային բալետի հայտնի ընկերության հետ՝ ստեղծելով Պրահայի պետական օպերայի բալետը։

Պրահայի պետական օպերայի գործունեության կարևոր մասը նրա Փաստաթղթային կենտրոնն է։ Թատրոնի գործունեության վերաբերյալ համակարգված արխիվային գրառումներ պահելուց զատ, այն կենտրոնացել է Նոր գերմանական թատրոնի կորած արխիվների վերականգնման վրա։ 2004 թվականին Պրահայի պետական օպերան «Սլովարտ» հրատարակչական ընկերության հետ հրատարակեց իր պատմության մասին «Պրահայի պետական օպերա. Թատրոնի պատմությունը նկարներով և ամսաթվերով» (The Prague State Opera: A History of the Theatre in Pictures and Dates.) գիրքը։ Չեխերեն, անգլերեն և գերմաներեն տեքստերով գիրքը փաստում է օպերային թատրոնի պատմությունը Նոր գերմանական թատրոնից մինչև մեր օրերը։ Օգտագործելով բազմաթիվ աղբյուրներ՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային աղբյուրներից, հրատարակությունը միավորեց անգնահատելի գրական և լուսանկարչական արխիվ, ներառյալ մի շարք փաստաթղթեր, որոնք հրապարակվեցին առաջին անգամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 «Státní opera Praha. Historie divadla v obrazech a datech. Opera 1888–2003» (PDF). web.archive.org. 2012 թ․ փետրվարի 5. ISBN 80-239-2831-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
  3. «Státní opera Praha». www.theatre-architecture.eu. Թատրոնի տվյալների բազա / Թատրոնի ճարտարապետությունը Եվրոպայում. Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  4. «The State Opera, History». www.narodni-divadlo.cz. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Tomáš Vrbka: Státní opera Praha. Historie divadla v obrazech a datech 1888-2003 / The Prague State Opera – Theatre History in Pictures and Dates 1888-2003 Slovart, Praha 2004, 80-239-2831-7 [1]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրահայի պետական օպերա» հոդվածին։
  翻译: