Jump to content

Սեդվու Սուրբ Նշան վանական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդվու Սուրբ Նշան վանական համալիր
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԿաճաճկուտ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Կազմված էԳերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի Սբ. Նշան, Զանգակատուն, Միաբանության շենք և Շրջապարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Sedvu Saint Nshan Վիքիպահեստում

Սեդվու վանքը գտնվում է Թումանյանի շրջանի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։ Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Սուրբ Նշան եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նշան եկեղեցին[2] կառուցվել է XIII դարում[3]։ Այն ուղղանկյուն (8,8 X 7,0 մ չափերով) միանավ դահլիճ տիպի եկեղեցի է` ծածկված կիսագլանաձև թաղով, որը հենված է երեք զույգ որմնասյուների վրա։ Որմնամույթերն իրար հետ կապված են երկայնական պատերին կից երեքական որմնակամարներով (այս ճարտարապետական հորինվածքը լայն տարածում ուներ Լոռվա 13-րդ դարի այլ հուշարձաններում` Քոբայրում, Մեծավանի Սուրբ Հովհաննեսում և այլն)։ Արտաքին հարդարանքը զուսպ է։ Համեմատաբար շեշտված են շքամուտքերի եզրակալները, որոնք ունեն կիսաշրջանաձև և սլաքաձև վերնամասեր։ Եկեղեցու կտուրը երկլանջ է, ունի մեծ թեքություն, որով պայմանավորված է ճակտոնների վերասլացությունը։ Այն կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով։ Եկեղեցու արևելյան կողմում գտնվում է կիսաշրջանաձև խորանը՝ առաջ ընկած ցածրադիր բեմով։ Եկեղեցին ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսային մուտքը բացվում է դեպի մատուռը)։

Հարավային մուտքից առաջ գտնվում է քառակուսի հատակագծով կամարակապ սրահ, որը նույնպես կառուցվել է XIII դարում։ Այն ծածկված է ութաթև թաղով, որն ունի եռանկյունաձև նիստեր և զուգակցված է միջին մասի փոխուղղահայաց գոտիների հետ, որտեղ անցումը քառակուսի հիմքից իրականացված է եռանիստ տրոմպների միջոցով։

Եկեղեցու հյուսիսային պատին կից հետագայում կառուցվել է մատուռ, որի միակ մուտքը բացվում է դեպի եկեղեցի։ Մատուռն ունի ուղղանկյուն հատակագիծ (5.9 Ղ 3.8 մ), թաղածածկ է։ Մատուռն ունի միալանջ կտուր, որը եկեղեցու կտուրի հյուսիսային լանջի շարունակությունն է կազմում։ Մատուռը նույնպես կառուցված է XIII դարում։

Վանքի տարածքը շրջապատված է եղել անկանոն պարիսպներով, որոնք կառուցված են եղել կապտավուն բազալտի մեծ քարերով։ Պարիսպն հարավային և արևելյան կողմերից ունեցել է 2 կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ։ Ներկայումս մնացել են միայն պարսպի չնչին հետքերը։

Վանքից մոտ կես կմ հեռավորությամբ գտնվող "Ղուլի Ղաշ" կոչվող վայրում եղել է Սեդվու ամրոցը ("Սեդվա ղալա"), որից չնչին մնացորդներ են պահպանվել։ Համեմատաբար լավ վիճակում է եռահարկ աշտարակաձև կառույցը, որի 3 հարկում էլ եղել են քառակուսի հատակագծով սենյակներ, որոնք ունեցել են դրսից բացվող մուտքեր։

Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ։ Սեդվու ձորում կան հին գյուղատեղեր, միջնադարյան գերեզմանոցներ և մեծաթիվ խաչքարեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Ֆոտոշարք ՍԵԴՎՈՒ ՎԱՆՔ». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Շախկյան, Գառնիկ (1986). Լոռի, Պատմության քարակերտ էջերը. Երևան "Հայաստան".(չաշխատող հղում)
  翻译: