Օսերենը (օսերեն՝ ирон æвзаг, իրոն ը̆վզագ կամ иронау, իրոնաւ) օսեթերեն, օսերի լեզուն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքիհնդարիական ճյուղիիրանական ենթաճյուղի հյուսիսարևելյան խմբին։ Օսերենը Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի հիմնական բնակչության՝ օսերի լեզուն է։ Ներկայումս օսերենով խոսում է մոտ 500,000 մարդ։ Օսերենը բաժանվում է երկու հիմնական բարբառների՝ իրոնական և դիգորյան։ Օսերի մեծ մասը խոսում է իրոնական բարբառով։ Այն ընկած է գրական օսերենի հիմքում, որի զարգացման գործում մեծ դեր է խաղացել օս բանաստեղծ և հասարակական գործիչ Կոստա Խեթագուրովի ստեղծագործությունը։
Օսական լեզվով գրերը գոյություն ունեն XVIII դարի վերջից։ Նախապես օսական գիրը ստեղծվեց միսիոներական նպատակներով (օսերի շրջանում քրիստոնեության տարածման), և նրա հիմքում ընկան եկեղեցա-սլավոնական տառերը։ Միայն հետագայում օսական այբուբենի հիմքում ընկան ռուսական քաղաքացիական տառերը։ 1923-1938 թթ. Օսիայում օգտվում էին լատինական հիմք ունեցող այբուբենից։ 1938 թ. Հյուսիսային Օսիայում լատինական հիմքով այբուբենը փոխարինվեց ռուսական հիմքով այբուբենով, որը գործածվում է ցայսօր։ Ռուսերենում բացակայող օսական հնչյունների համար օգտագործվում է տառերի համակցումը։ 1939 թ. Հարավային Օսիայում լատինական հիմքով օսական այբուբենը փոխարինվեց վրացական հիմք ունեցող այբուբենով (մխեդրուլի)։ Հարավային Օսիայում գործածվում է նաև ռուսական հիմքով այբուբենը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 563)։