Jump to content

Անողնաշարավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անողնաշարավոր կենդանիներ (լատին․՝ Invertebrata)

Անողնաշարավորներ (լատին․՝ Invertebrata), քորդա կամ ողնաշար չունեցող կենդանիներ։ Անողնաշարավորներ են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը։ Տերմինը առաջարկվել է Ժան Բատիստ Լամարկի կողմից, որպես միջատները և որդերը միավորող անվանում։ Անողնաշարավոր են համարվում այն կենդանիները, որոնց մոտ բացակայում է ողնաշարը։ Խումբը ընդգրկում է կենդանիների բոլոր տեսակների շուրջ 97 %-ը՝ բացի քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպից (ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ և այլն)։

Ունենալով ընդհանուր բազմաբջիջ, էուկարիոտ նախնի, բոլոր տիպերը ընդգրկում են անողնաշարավոր կենդանիներ, բացառությամբ՝ քորդավորների տիպի։ Չնայած սրան, քորդավորների տիպի 3 ենթատիպերից 2-ը նույնպես անողնաշարավոր են (գլխաքորդավորները և պարեգոտավորները)։ Այս երկուսը և մնացած անողնաշարավորները ունեն միայն մեկ հոմեոզիսային գեների կուտակում, այն դեպքում, երբ ողնաշարավորները ունեն այդ գեների մի քանի կրկնօրինակ։ Պալեոկենդանաբանության և պալեոկենսաբանության մեջ անողնաշարավորների բրածո մնացորդները ուսումնասիրող ուղղությունը անվանվում է՝ անողնաշարավորների հնէաբանություն։

Ուսումնասիրման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Լիննեյը այս կենդանիները բաժանեց 2 խմբի՝ միջատներ (insecta) և որդեր (vermes)։ Ժան Բատիստ Լամարկը 1793 թվականին առաջին անգամ օգտագործեց անողնաշարավոր տերմինը և 2-ի փոխարեն նրանց բաժանեց 10 խմբերի՝ սարդակերպեր, խեցգետնանմաններ՝ Լիննեյի «միջատներ» ճյուղից և փափկամարմիններ, օղակավոր որդեր, ճառագայթավորներ, բեղոտանիներ, աղեխորշավորներ, ինֆուզորիաներ՝ Լիննեյի «որդեր» ճյուղից։ Այժմ անողնաշարավորները բաժանվում են շուրջ 30 տիպերի մեջ, ընդգրկելով այնպիսի պարզ օրգանիզմներ, ինչպիսին են՝ սպունգները և տափակ որդերը, ինչպես նաև բարդ կազմավորված օրգանիզմներ ինչպիսին են՝ հոդվածոտանիները, փափկամարմինները։

Անողնաշարավորների ուսումնասիրությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում անողնաշարավորների ուսումնասիրությամբ հիմնականում զբաղվում են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում։ Մեծ ներդրում ունեն Տեր-Պողոսյանը, Է. Դավթյանը, Ս. Յաբլոկով-Խնձորյանը, Մ. Տեր-Մինասյանը, Ս. Մովսիսյանը և ուրիշներ։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անողնաշարավորներ տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրերում, ցամաքում, հողի շերտերում և այլն։ Շատերը բույսերի և կենդանիների մակաբույծներ են։ Անողնաշարավորների բրածո մնացորդները կարևոր նշանակություն ունեն երկրաբանական շերտերի հասակը որոշելիս, որը նպաստում է օգտակար հանածոների (նավթ, կավիճ, քարածուխ) հայտնաբերմանը։ Կարևոր են բնության մեջ նյութերի և էներգիայի շրջապտույտում։ Բացառիկ մեծ է անողնաշարավորների նշանակությունը մարդու համար։ Նրանց կենսագործունեության արգասիքները (մոմ, մետաքսաթել, ներկանյութեր) ունեն տեխիկատնտեսական նշանակություն, օգտագործվում են որպես սնունդ, միաժամանակ կեր են թռչունների, ձկների ու այլ կենդանիների համար։ Կան նաև վնասակար տեսակներ՝ վարակիչ հիվանդությունների հարուցիչների տարածողներ, գյուղատնտեսական բույսերի, սննդամթերքների վնասատուներ։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է անողնաշարավորների մոտ 1.260 հազար տեսակ. նախակենդանիներ՝ 25-30 հազար, սպունգներ՝ 5 հազար, աղեխորշավորներ՝ 9 հազար, տարբեր որդեր՝ 46 հազար, փափկամորթներ՝ 128 հազար, հոդվածոտանիներ՝ 1.066 հազար (1 միլիոն միջատներ), մամռակենդանիներ՝ 2, 7 հազար և այլն։ Բնության մեջ տարածված անողնաշարավորների թիվը հավանաբար շատ ավելի մեծ է, քանի որ ամեն տարի նկարագրվում են անողնաշարավորների բազմաթիվ նոր տեսակներ։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են նախակենդանիներ (15 հազար), որդեր (մոտ 580 տեսակ), հոդվածոտանիներ (9 հազար, որից 8 հազար՝ միջատներ), փափկամարմիններ (155 տեսակ)։

Դրոզոֆիլ պղաճանճ (Drosophila melanogaster), համարվում է բազմաթիվ հետազոտությունների սուբյեկտ
Սպունգներ

Օգտագործված աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рупперт Э. Э. Зоология беспозвоночных։ функциональные и эволюционные аспекты. Т. 1: Протисты и низшие многоклеточные. – 2008. – 484 с. Т. 2:
  • Низшие целомические животные. – 2008. – 437 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անողնաշարավորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 430
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
  翻译: