Jump to content

Սիենա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սիենա
իտալ.՝ Siena
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՍիենա
Մակերես118,53 կմ²
ԲԾՄ322±1 մետր
Բնակչություն52 812 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0577
Փոստային դասիչ53100
Ավտոմոբիլային կոդSI
Պաշտոնական կայքcomune.siena.it(իտալ.)
Սիենա (քաղաք) (Իտալիա)##
Սիենա (քաղաք) (Իտալիա)

Սիենա (իտալ.՝ Siena), քաղաք Իտալիայի Տոսկանա մարզում, համանուն շրջանի վարչական կենտրոնը, Իտալիայի ամենամեծ զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Միջնադարում եղել է Սիենական հանրապետության մայրաքաղաքը։ Սիենայի լավ պահպանված միջնադարյան կենտրոնը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ որպես համաշխարհային ժառանգության հուշարձան[2]։ Քաղաքի հովանավորն է համարվում սուրբ Անսանը, ում տոնը տոնվում է դեկտեմբերի մեկին։

Հնագույն ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հնագիտական տվյալների, քաղաքի տեղում բնակչություն է եղել սկսած էտրուսկյան դարաշրջանից (մ. թ. ա. 9-5-րդ դարեր)։ Անվանումը կարող է ծագել էտրուսկյան ազգանվանային Սայնա (Saina) անունից կամ գալլիական սենոս ցեղախմբի անվանումից, որը գրավել է Էտրուրիայի մի մասը մոտ մ. թ. ա. 390 թվականին։ Սենա-Յուլիա հռոմեական քաղաքը հիմնադրվել է այս վայրում Օգոստոս կայսեր կողմից։ Քաղաքի մասին առաջին գրավոր վկայությունները պահպանվել են մ. թ. 70 թվականից։ Ըստ հռոմեական աղբյուրների, Սիենան հիմնադրվել է Սենիի (Senius) և Ասքիի` Ռեմի որդիների և համապատասծանաբար Ռոմուլի զարմիկների կողմից։ Ըստ ավանդության, երկվորյակները թաքնվել են Տոսկանայի բլուրների հետևում, որտեղ և ավելի ուշ կառուցվել է քաղաքն ու Սենիի անունից ստացել է Սիենա անվանումը։ Այս լեգենդն արտացոլված է քաղաքի զինանշանում, որտեղ նորածիններ Ռոմուլն ու Ռեմը կաթ են ուտում էգ գայլի կրծքից։ Բացառված չէ նաև, որ անունը ծագում է հռոմեական Սաենիի ազգանունից կամ լատիներեն seneo` «ծեր լինել» բառից։

Սիենան միջնադարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

12-րդ դարում Սիենայի քաղաքացիները քաղաքի ղեկավարությունն իրենց ձեռքն են վերցրել։ Ամբողջ 13-րդ դարում Սիենական հանրապետությունը Իտալիայի ամենաբարգավաճող պետություններից մեկն էր։ Այստեղ շատ վաղ է սկսել զարգանալ բանկային գործը։ Սիենայի հիմնական մրցակիցը Ֆլորենցիան էր, որը պապական իշխանության աջակցությունն էր վայելում։ Դա ստիպել է Սիենային դասվել Իտալիայի կայսերամետ քաղաքների շարքին։ Երկու հանրապետությունների տարածքային վեճերին ժամանակավոր ավարտ է տվել Մոնտապերտիի ճակատամարտը, որ տեղի է ունեցել 1260 թվականի սեպտեմբերի 4-ին, որտեղ ֆլորենցիացիները ծանր պարտություն են կրել։ Հաղթանակի առթիվ սիենացի նկարիչ Դուչչո դի Բուոնինսենյանը քաղաքի տաճարի համար շքեղ պատկերազարդում է արել, որը ճանաչվել է Իտալիայի գոթիկան արվեստի լավագույն նմուշներից մեկը։ Իտալիայում կայսրության ազդեցության նվազումը խախտել է Սիենայի քաղաքական-տնտեսական գերակայությունը Տոսկանայում։ Դրան նպաստել են նաև հռոմեական պապերը, որոնք պատժամիջոցներ են կիրառել թշնամական քաղաքի վաճառականների հանդեպ։ Հանրապետական ուղղվածության փոխակերպումը պապականի ուղեկցվում էր ղեկավարող էլիտայի կազմի փոփոխությամբ։ Սիենայում լայնամասշտաբ շինարարություն էր ընթանում, դրա հետ մեկտեղ չէին դադարում կոնֆլիկտները վաճառականների, ազնվականների ու հասարակ մարդկանց տարբեր խմբերի միջև։ Այդ տարիների սիենական նկարիչների աշխատանքները պահվում են տաճարի թանգարանում և Բուոնսինյորիի գեղարվեստական պատկերասրահում։ 1240 թվականին իր դռներն է բացել Սիենայի համալսարանի դռները։ 1348 թվականին Սիենան դատարկվել է «սև մահի» պատճառով[3], վրա է հասել տնտեսական ճգնաժամ և կրոնական քվիետիմզ։ Այն կաթոլիկ աշխարհին երկու հայտնի սուրբ է տվել, Սուրբ Եկատերինան և Բերնարդին Սիենացին։ 15-րդ դարում Սիենան վերջնականապես զիջել է իր մշակութային ու կոմերցիոն առաջնայնությունը Տոսկանայի քաղաքներից իր դարավոր թշնամուն` Ֆլորենցիային։ Իտալական պատերազմների տարիներին, երբ Իտալիայի տարածքներն ավերվում էին օտար բանակներ, Սիենան ղեկավարվում էր Ռանդոլֆո Պետրուչչիի կողմից։ Նրա ընտանիքն իշխանությունը պահպանել է մինչև 1524 թվականը։ 1555 թվականին Սիենան հարձակման է ենթարկվել իսպանական զորքերի կողմից։ 18 ամիսների ընթացքում քաղաքը հերոսաբար դիմակայել է նվաճողներին. վերջիններիս ղեկավարում էր ֆրանսիական Եկատերինա Մեդիչի թագուհու ազգական մարշալ Պիերո Ստրոցցին։ Ապրիլի 21-ին իսպանացի զինվորները մտել են քաղաք, Սիենական հանրապետությունը տապալվել է, երկու տարի անց քաղաքը մտել է Տոսկանայի մեծ դքսության մեջ Ֆլորենցիա մայրաքաղաքով։ Այդ ժամանակներից ի վեր Սիենան վեր է ածվել քաղաքական և մշակութային ծայրագավառի, նոր կառույցներ գրեթե չեն կառուցվում, ինչը թույլ է տվել քաղաքին իր միջնադարյան տեսքը պահպանել նաև մեր օրերում։

Նորագույն ժամանակներում Սիենայի հիմնական շինարարությունը տեղի է ունեցել քաղաքի միջնադարյան պատերից դուրս։ Դրա շնորհիվ Սիենայում առավել լավ, քան Տոսկանայի այլ կենտրոններում, պահպանվել է միջնադարյան քաղաքը փոքրիկ փողոցներով, հնագույն պալատներով։ Քաղաքի խեցու տեսքով հսկայական հրապարակում տարվա մեջ երկու անգամ ներկայացվել են միջնադարյան ներկայացումներ, որոնք հայտնի են Պալիո տոնակատարություն անունով։ Հրապարակի մեջ է մտնում 1297-1310 թվականներին կառուցված Պուբլիկո Պալացցո ռատուշան Ամբորջո Լորենցետիի որմնանկարներով։ Ռատուշային է կցվում միջնադարյան Սիենայի հզորության ու անկախության խորհրդանիշը` 102 մետրանոց Տորրե-դել-Մանջա աշտարակը, որը կառուցվել է 1338-1348 թվականներին։ Հրապարակի հակառակ կողմից երևում է Ուրախության շատրվանը (անգլ.՝ Fonte Gaia), որը 1419 թվականին նախագծել է Յակոպո դելլա Կվերչան։ Սիենայի տաճարը իտալական գոթիկայի համընդհանուր ընդունված չափանիշ է։ Տաճարին կցված է 1495 թվականին հիմնադրված Պիկոլոմինի գրադարանը Պինտուրիկոյի որմնանկարներով։

Հին Սիենայի համայնապատկերը Սբ. Կլիմենտ եկեղեցուց Սիենական տաճար Պիացա դել Կամպոն գիշերային լուսավորությամբ
Պյացա դել-Կամպո, Պալացցո Պուբլիկո և Տորե դել Մանջա

Հուլիսի 2-ին և օգոստոսի 16-ին Սիենայում անց է կացվում համաշխարհային ճանաչման Պալիո տոնակատարություն-մրցույթը։ Մրցույթի ժամանակ քաղաքի գլխավոր Պյացա դել Կամպո հրապարակում անց է կացվում ձիարշավ[4]։ Մրցույթին մասնակցում են Սիենայի 17 շրջանները։ Հուլիսի երկուսի մրցույթին մասնակցում են շրջաններից 10-ը, իսկ մյուս յոթը մրցույթին մասնակցում են օգոստոսի 16-ին։ Հաջորդ տարի մասնակիցները փոխվում են տեղերով։ Շրջանների դրոշները բարձրացվում են հրապարակում։ Մրցույթն ավարտվում է ամբողջ քաղաքով անցնող երթով, որը տևում է ամբողջ գիշեր։ Այս տոնը նշելու ավանդույթը գալիս է միջնադարից։

Դարեր շարունակ Սիենան աչքի է ընկել կատարողական արվեստի հարուստ ավանդույթներով։ Սիենայի ամենահայտնի նկարիչների ցանկում են Դուչչոն, Սիմոնե Մարտինին, Ամբրոջո Լորենցետին, Պիետրո Լորենցետին, Մարտինո դի Բարտոլոմեոն, Ֆրանչեսկո դի Ջորջոն։ Վերածննդի ժամանակաշրջանի շատ ստեղծագործություններ կարելի է տեսնել սիենական տաճարներում և ապարանքներում, ինչպես նաև` քաղաքի գեղարվեստական թանգարանների հարուստ հավաքածուներում, ինչպիսիք են Սիենական պինակոտեկան։

Ժամանակակից քաղաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիենան համալսարանական քաղաք է։ Քաղաքի գրեթե կեսը ուսանողներ են։ Չնայած քաղաքն իր դիրքով հեռու է խոշոր տրանսպորտային ճանապարհներից, Սինենան իր պատմական ու մշակութային հուշարձաններով, ինչպես նաև` հայտնի Պալիո տոնակատարությամբ, ամեն տարի գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։ 2008 թվականին քաղաք է այցելել 163.000 զբոսաշրջիկ արտերկրից[5]։ Սիենայի արվարձանում, Կյանտի շրջանում է արտադրվում իտալական ամենահայտնի գինին, որն այդպես էլ կոչվում է` կյանտի։


Հին Սիենայի համայնապատկերը
Հին Սիենայի համայնապատկերը


Հայտնի սիենացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Եկատերինա Սիենացի (1347-1380), իտալացի ուշ միջնադարյան կրոնական գործիչ և գրող, զբաղվել է ակտիվ քաղաքական և խաղաղասիրական գործունեությամբ։
  • Յակոպո դելլա Կվերչա (1371-1438), միջնադարից Վերածննդի դարաշրջանի անցման իտալացի քանդակագործ։
  • Ալեսսանդրո Պիկոլոմինի (1508-1578), իտալացի գրող, հումանիստ, փիլիսոփա և աստղագետ, պատկանում է սիենական հայտնի Պիկոլոմինի տոհմին։
  • Ջուստո Ֆերնանդո Տենդուչի (1736-1790), երգահան և երգիչ։
  • Լուիջի Մուսինի (1813-1888), նկարիչ և շախմատիստ։ 37 տարի եղել է Կատարողական արվեստի ինստիտուտի տնօրեն։
  • Էտտորե Բաստիանինի (1922-1967), օպերային երգիչ, բարիտոն։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիենա (քաղաք)» հոդվածին։
  翻译: