Կարևոր ավանդ ունի մեխանիկայի մի շարք հասկացությունների զարգացման գործում. Հյույգենսն առաջինն է օգտագործել ճոճանակը՝ ժամացույցի կանոնավոր ընթացքն ապահովելու համար, կառուցել առաջին ճոճանակավոր ժամացույցը (1657), արտածել է բանաձև մաթեմատիկական և ֆիզիկական ճոճանակների տատանումների պարբերության համար։ Մշակել է հարվածի տեսության հիմունքները, կատարելագործել աստղադիտակը։ Հյույգենսի մաթեմատիկական աշխատությունները վերաբերել են կոնական հատույթներին, ցիկլոիդի և այլ կորերի հետազոտությանը։ Տվել է շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղների երկարության որոշման մեթոդը, մշակել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերության որոշման ( թվի հաշվման) տեսությունը, առաջին հետազոտությունները կատարել հավանականությունների տեսության բնագավառում։ 1655 թվականին հայտնագործել է Սատուրնի արբանյակ Տիտանը և որոշել դրա պտույտի պարբերությունը, պարզել, որ Սատուրնի շուրջը գոյություն ունի օղակ, ոչ մի տեղ չի շոշափում մոլորակի մակերևույթը։ Հյուգենսի աշխատանքները հաստատել են Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի ճշտությունը։ Ռ. Հուկի հետ համատեղ գտել է ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Մշակել է լուսային ալիքների տարածման վերաբերյալ խնդիրների լուծման մոտավոր մեթոդը (Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը)։ Կառուցել է օկուլյար, որը մինչև այժմ էլ օգտագործվում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 438)։