Jump to content

Բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնավոր բանկ Մագդեբուրգում (1920-ականներ)

Բանկ, դրամատուն ( իտալ.՝ Banco բառից, թարգմանաբար՝ սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները), ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։ Բանկերը կարող են հիմնադրվել Բաժնետիրական ընկերությունների, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և կոոպերատիվների տեսքով։

Բանկն իրենից ներկայացնում է տնտեսության մի մասնիկը` տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից ապրանքադրամական տնտեսությունը։ Բանկային համակարգի զարգացումը ուղղակիորեն պայմանավորված է տնտեսության մեջ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման մակարդակով։ Բանկերը ներգրավում են ազատ միջոցներ, տրամադրում վարկեր,  իրականացնում վճարահաշվարկային ծառայություններ, թողարկում դրամական միջոցներ, հանդիսանում արժեթղթերի շուկայի դիլերներ, իրականացնում են այլ ֆինանսական գործառնություններ։

 Բանկային գործը ծագել և զարգացել է միջոցների փոխանակման ու փոխատվական գործունեության շնորհիվ։ Այս հարաբերությունների զարգացումը բանկային գործի հիմքը դրեց։

Առաջին վարկային գործառնությունների մասին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. VI դարին։ Հին Բաբելոնում կիրառվում էր ավանդային գործառնությունը` ավանդների ընդունումը և դրանց դիմաց տոկոսների վճարումը։ Այդ գործառնությունները մ.թ.ա. IV դարում իրականցվում էին նաև Հունաստանում, որտեղ գոյություն ուներ բավականին զարգացած բանկային գործունեություն։ Նրանք իրականացնում էին տարբեր գործառնություններ` սկսած գնման, վաճառքի և հաճախորդների հաշվին վճարումների կատարումից մինչև վարկերի տրամադրումը և տարբեր գործարքներում որպես երաշխավոր կամ վստահված անձ հանդես գալը։

Առաջին բանկը, ժամանակակից ըմբռնմամբ, առաջացել է Իտալիայում 1407թ.  (Banca di SanGiorgio), սակայն դա չի նշանակում, թե բանկերն առաջին անգամ առաջացել են միջնադարյան Իտալիայում։ «

Բանկ» հասկացությունը կարելի է հավասարապես նույնացնել նաև Հին Հունաստանում փոխանակողների և նրանց սեղանների հետ, որտեղ բանկիրներին անվանում էին տրապեզիդներ (հունարեն «տրապեզա» բառից, որը նշանակում է «սեղան»), կամ Հին Հռոմում փոխանակող-մենսարների հետ (լատ. “mensa” բառից, որը նշ. է «սեղան»), ովքեր զբաղվում էին արժույթի փոխանակմամբ, ինչպես նաև այլ գործառնություններով։

Առաջին բանկերի ծագման ժամանակաշրջանի վերաբերյալ հարցը, դատելով ըստ ոչ մեծ թվով աշխատությունների, չի ստացել հստակ պատասխան։ Ժամանակի տատանումը կազմում է մոտ 2 հազ. տարի։ Գիտնականների մի մասի կարծիքով, առաջին բանկերն առաջացել են Իտալիայում (Վենետիկ, Ջենովա) XIV –XV դդ.: Մյուս գիտնականները գտնում են, որ բանկը, որպես ապրանքային տնտեսության հատուկ ինստիտուտ, ծագել է միայն ապրանքադրամական հարաբերությունների զարգացման այնպիսի փուլում, երբ ի հայտ է եկել դրամաշրջանառության կարգավորման և վարկային գործառնությունների իրականացման անհրաժշտությունը։ Կան նաև այլ տեսակետներ, սակայն, կարևորը ոչ այնքան բանկերի առաջացման ժամանակաշրջանի ճշտումն է, որքան այն, թե ինչ է իրենից ներկայացնում բանկը և որոնք են բանկային գործի ծագման հիմնապատճառները։

Բանկը կարելի է դիտարկել որպես ֆինանսական շուկայի մասնագիտացված կառույց, որին բնորոշ է տնտեսության մեջ ձևավորված ժամանակավորապես ազատ դրամական միջոցների հավաքագրումն ու դրանց հետագա տեղաբաշխումը վարկերում, արժեթղթերում և այլն։ Այլ կերպ ասած՝ բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև։ Դրանով նրանք նպաստում են դրամաշրջանառության գործընթացի կազմակերպմանը, տնտեսության տարբեր ճյուղերին և ոլորտներին վարկային ռեսուրսներով ապահովմանը, որն էլ անդրադառնում է տնտեսության արդյունավետության, և բնակչության կենսամակարդակի վրա։   Առանձնահատուկ միջնորդ լինելու պարագայում բանկն իր հաճախորդների համար կարող է հանդես գալ նաև որպես գործակալ. կատարել վճարումներ երրորդ անձանց համար, ընդունել և վճարել չեկեր, գնել, վաճառել և փոխանակել արտարժույթ, հսկել դրամական միջոցների շարժը, դրամի և արժեթղթերի շրջանառությունը, իրականացնել անկանխիկ հաշվարկներ, մատուցել վճարահաշվարկային ծառայություններ։

Բանկն իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված դրամական միջոցները տեղաբաշխում է իր անունից իր ռիսկով` վերադարձելիության, վճարելիության և ժամկետայնության պայմաններով։

Բանկերը մատուցում են բազմաբնույթ ֆինանսական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց (օրինակ, ֆինանսական խորհրդատվություն, երաշխիքների տրամադրում, ակրեդիտիվների բացում, սպասարկում և այլն)։ Առևտրային բանկերի միջև մրցակցության անընդհատ խորացումը, ոչ բանկային ֆինանսական կառույցների աստիճանական ձևավորումն ու զարգացումը, ստիպում են բանկերին անընդհատ մշակել և ներդնել նոր` ժամանակակից ֆինանսական ծառայություններ։

Բանկն, ի տարբերության ձեռնարկության, աշխատում է հիմնականում «ուրիշների փողերով», որոնք կուտակվել են վերադարձելիության սկզբունքով, ոչ միայն թողարկում է արժեթղթեր, այլ նաև կատարում է արժեթղթերի հաշվառման և պահպանման գործառնություններ, թողարկում հատուկ ապրանք` փող վճարային գործիքների (միջոցների) տեսքով։ Առկա տարբերություն են նաև ակտիվների ու պասիվների կազմը և կառուցվածքը։

Բանկերի կարևորագույն առանձնահատկություններից է նաև այն, որ դրանք գործում են կարգավորման և վերահսկողության խիստ դաշտում, որը հիմնականում պայմանավորված է բանկային ավանդների ներգրավման իրավունքից առաջացող ռիսկերի զսպմամբ։

Բանկերի հիմնական նպատակը առավելագույն շահույթի ստացումն է, որը հաճախ հակասության մեջ է մտնում իրացվելիության ապահովման հետ, քանի որ բարձր իրացվելի ակտիվները եկամտաբեր չեն կամ ունեն ցածր եկամտաբերություն։

Բանկերի տեսակները և դրանց դասակարգումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից բանկերի հիմնական տեսակներն են՝ էմիսիոն, արդյունաբերական, առևտրային, գյուղատնտեսական, շինարարական բանկերը, բանկային ասոցիացիաները, կարտելները, տրեստները, կոնցեռները, հոլդինգները և այլն։ Ելնելով ծագման բնույթից և ֆունկցիոնալ նշանակությունից բանկային համակարգը կարելի է դասակարգել ըստ հետևյալ հատկանիշների՝

  • ըստ սեփականության ձևերի առանձնացվում են պետական, մասնավոր, կոոպերատիվ և խառը բանկեր,
  • ըստ գործունեության կազմակերպական-իրավական տեսակների լինում են պետական, ակցիոներային կոմպանիաներ, կմանդիտային բանկեր և այլն,
  • ըստ տերիտորյալ-տարածական գործունեության լինում են զգային, տեղական, ռեգիոնալ, միջռեգիոնալ, միջազգային բանկեր,
  • ըստ անկախության աստիճանի տարբերվում են ինքնուրույն, դուստր, թոռ, լրիվ կախված և լիազորված բանկեր,
  • ըստ կապիտալ դիվերսիֆիկացման աստիճանի լինում են մեկպրոֆիլային և բազմապրոֆիլային բանկեր,
  • ըստ կապիտալի մեծության լինում են խո՛որ, միջին և մանր բանկեր,
  • ըստ իրականացվող գործառնությունների տեսակների տարբերվում են էմիսիոն բանկեր, ինվեստիցիոն, հիպոթեկային, խնայողական, բորսայական, ունիվերսալ, ներքին և արտաքին բանկեր և այլն։

Էմիսիոն բանկերն օրենսդրորեն օժտված են փող (բանկնոտներ) թողարկելու, երկրում դրամաշրջանառությունը կարգավորելու, երկրի արժութային պահուստների պահպանման մենաշնորհային իրավունքով։ Նշված խնդիրը հիմնականում օրենսդրորեն դրվում է կենտրոնական բանկերի  (ԿԲ) վրա։

Առևտրային բանկերը կազմակերպություններ են, որոնք իրականացնում են բանկային գործառնություններ, կազմակերպություններին և բնակչությանը մատուցում են բազմատեսակ ֆինանսական ծառայություններ։ Առևտրային բանկերն, ի տարբերություն ԿԲ, չունեն դրամանիշերի թողարկման իրավունք։

Բաժնետիրական են հանդիսանում բաժնետիրական ընկերությունների ձևով ստեղծված բանկերը, որոնց կանոնադրական կապիտալը բաժանված է նախապես սահմանված քանակով և անվանական արժեքով բաժնետոմսերի։ Կարող են լինել բաց կամ փակ բաժնետիրական ընկերությունների ձևով կազմավորված բանկեր։

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի։ ՍՊԸ-ն տարբերվում է բաժնետիրական ընկերություններից նրանով, որ նրա կապիտալը տրոհվում է բաժնեմասերի, սակայն բաժնետոմսեր չունի։ Կոոպերատիվ բանկը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված բանկ է, որի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք` անկախ բանկի կանոնադրական կապիտալում իրենց մասնակցության չափից։ Կոոպերատիվ բանկն ունի առնվազն երեք  մասնակից։  Եթե կոոպերատիվ բանկի մասնակիցների թիվը նվազում  է  երեքից, ապա այդ բանկն ենթակա է լուծարման կամ պետք է վեց ամսվա ընթացքում լրացնի իր մասնակիցների թիվը։

Ռեզիդենտ են համարվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստեղծված բանկերը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, որոնք գտնվում են ՀՀ տարածքում կամ նրա սահմաններից դուրս։

Ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված և ՀՀ սահմաններից դուրս գտնվող բանկերը, ինչպես նաև նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչություննեը, այդ թվում` ՀՀ տարածքում գտնվողները։

 Մասնագիտացված բանկերն առևտրային բանկերն են, որոնք մասնագիտացված են մեկ կամ մի քանի տեսակի բանկային գործառնությունների գծով, տնտեսության որևէ ճյուղի, ձեռնարկությունների խմբերի վարկավորմամբ, հաճախորդների որոշակի խմբի սպասարկմամբ։ Մասնագիտացված բանկերից են ներդրումային (ինվեստիցիոն), հիփոթեքային, խնայողական, գյուղատնտեսական, արտաքին առևտրային բանկերը։

Ներդրումային բանկերն զբաղվում են տարբեր ճյուղերի, մասնավորապես արդյունաբերության, առևտրի և տրանսպորտի ֆինանսավորմամբ ու երկարաժամկետ վարկավորմամբ, որոնց միջոցով բավարարվում է հիմնական կապիտալի նկատմամբ արդյունաբերական և այլ ձեռնարկությունների պահանջարկի զգալի մասը։ Ի տարբերություն առևտրային բանկերի` ներդրումային բանկերն իրենց ռեսուրսների մեծ մասը հավաքագրում են սեփական բաժնետոմսերի, պարտատոմսերի և փոխառու այլ պարտավորությունների թողարկման, ինչպես նաև առևտրային բանկերից վարկերի ստացման ճանապարհով։ Նրանք ակտիվ դեր են խաղում արդյունաբերական  և այլ ընկերությունների բաժնետոմսերը թողարկելու և տեղաբաշխելու գործում։

Հիփոթեքային բանկը մասնագիտացված բանկ է, որը զբաղվում է հիփոթեքային վարկերի տրամադրմամբ, անշարժ գույքի ձեռքբերման, հիփոթեքների վերավաճառքի, տարբեր տեսակի տեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությամբ։ Հիփոթեքային բանկերի կողմից տրամադրվող վարկերը սովորաբար ունեն երկարաժամկետ բնույթ։ Կախված վարկավորման ուղղություններից, հիփոթեքային բանկերը բաժանվում են հողային բանկերի, որոնք վարկ են տրամադրում հողամասի գրավի դիմաց, մելիորատիվ բանկերի, որոնք վարկ են տրամադրում մելիորատիվ /հողաբարելավման/ աշխատանքների համար, կոմունալ բանկերի, որոնք վարկ են տրամադրում քաղաքի անշարժ գույքի գրավի դիմաց և այլն։

Խնայողական բանկն ավանդներ է ընդունում հիմնականում բնակչությունից, առաջարկում է խնայողական տարբեր հաշիվների բացում և վարում, ներդրումներ է կատարում հուսալի արժեթղթերում, ինչպես նաև առաջարկում է հաշվարկային ծառայություններ, վարկեր, վարկային քարտեր, բանկային փոխատվություններ և այլն։ Խնայողական բանկերը նպաստում են բնակչության խնայողությունների և ազատ դրամական միջոցների բանկային համակարգ ներգրավմանը։ Կարող են ստեղծվել կամ որպես բաժնետիրական ընկերություն կամ որպես փոխադարձ խնայողական բանկ։ Ներկայումս գործում են խնայբանկերի մի քանի տեսակներ` հավատարմագրային-խնայողական, փոխադարձ-խնայողական և փոստախնայողական։

Ունիվերսալ համարվում են այն բանկերը, որոնք իրականացնում են օրենսդրությանը համապատասխանող բոլոր բանկային գործառնությունները, և նրանց գործունեության մեջ չկա հստակ ընդգծված որևէ բնագավառ կամ նախապատվություն։

Բանկերի գործառույթները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկերը տնտեսության մեջ կատարում են հետևյալ կարևորագույն գործառույթները` միջնորդություն վարկավորման գործում, դրամական եկամուտների հավաքագրում խնայողությունների տեսքով և դրանց վերածում կապիտալի, միջնորդություն վճարումներում, շրջանառության վարկային գործիքների ստեղծում։

Միջնորդությունը վարկավորման գործում- բանկերի կարևորագույն գործառույթներից մեկը միջնորդությունն է վարկավորման գործընթացում, որը իրականացնում են ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխման տեսքով։ Դրամական միջոցների վերաբաշխումը փոխատուի և փոխառուի միջև տնտեսական կապերի հորիզոնականով հիմնականում իրականացվում է բանկերի միջոցով։ Բանկերը հավաքագրում են տարբեր չափերով և ժամկետներով ավանդները` տրամադրելով վարկեր, և իրենց ակտիվների  դիվերսիֆիկացիայի հիման վրա նվազեցնում են ավանդատուների ռիսկերը։ Ինչպես նաև բանկերն ունեն հավանական փոխառուների վարկունակության գնահատման հնարավորություն` նվազեցնելով տնտեսական համակարգում ռիսկի անորոշության աստիճանը։

Դրամական եկամուտների հավաքագրում խնայողությունների տեսքով և դրանց վերածում կապիտալի– հասարակության տարբեր շերտեր ստանում են տարբեր դրամական եկամուտներ, որոնց մի մասը կարճատև կամ երկարատև ժամկետով կուտակվում է գալիք ծախսերի համար։ Այդ դրամական եկամուտների տեսքով գոյացած խնայողություններն ինքնին չեն հանդիսանում կապիտալ, և բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների բացակայության պայմաններում կվերածվեին չաշխատող ակտիվի։ Բանկերը հավաքագրում են այդ խնայողությունները ավանդների ձևով, որի արդյունքում դրանք վերածվում են փոխատվական կապիտալի։

Բանկերի միջնորդությունը վճարումներում– ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, ֆիզիկական անձանց, իրենց կողմից իրականցվող գործառնությունների ընթացքում, հաճախ հարկ է լինում կատարելու անկանխիկ վճարումներ իրենց բանկային հաշիվներից։ Բանկերը, հանդես գալով որպես վճարումներում միջնորդներ, իրենց վրա են վերցնում հաճախորդների համար այս գործառնության կատարումը։ Բանկերի այս գործառույթը կապված է առաջին գործառույթի հետ։ Արդի պայմաններում բանկերը հաճախորդների հանձնարարությամբ իրականացնում են ապրանքների և ծառայությունների համար վճարումներ։ Տվյալ գործառույթը հանդես է գալիս նաև այն դեպքերում, երբ բանկերը ֆոնդային բորսայում արժեթղթերով գործառնություններում հանդես են գալիս որպես միջնորդ, ներդրումային խորհրդատվություն իրականցնող, ներդրումային ընկերություն հանդիսացող կազմակերպություն։

Շրջանառության վարկային գործիքների ստեղծում - բանկի գործառույթներից է շրջանառության վարկային գործիքների  (վճարային քարտերի, չեկերի) ստեղծումը, որոնք փոխարինում են թղթադրամներին և մետաղադրամներին։

 Կատարելով վերոհիշյալ գործառույթները` բանկերը նպաստում են ընդլայնված վերարտադրությանը։

Բանկերի հիմնական գործառնությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկերի գործառնությունները իրականացվում են երկու ձևով՝

  1. պասիվ գործառնություն,
  2. ակտիվ գործառնություն։

Պասիվ գործառնություն՝ պասիվ օպերացիան ենթադրում է դրամական միջոցների կուտակում՝ ակտիվ օպերացիաներ կատարելու համար։ Բանկերի ռեսուրսները կազմավորվում են սեփական, փոխառու և էմիսիոն կարգով թողարկված միջոցների հաշվին։ Բանկի սեփական միջոցներին են վերաբերում նրա կանոնադիր կապիտալը, ապահովագրական միջոցները, ռեզերվային ֆոնդը, շահույթից մասհանումների հաշվին կազմավորվող ֆոնդերը և չբաշխված շահույթը։

Բանկի պասիվ գործառնությունն իրականացվում է ավանդների՝ դեպոզիտների ներգրավման ձևով։ Դրանք բաժանվում են երկու մասի՝ ժամկետային և ցպահանջ, որը փոխատուին է վերադարձվում նրա առաջին իսկ պահանջի դեպքում։ Երկար ժամանակով տրված ավանդների համար վճարվում է բարձր տոկոս, իսկ ցպահանջ դեպոզիտների համար ցածր տոկոս։

Բանկի հաշվեկշռի պասիվում պահվող ցպահանջ միջոները սովորաբար օգտագործվում են ընթացիկ վճարումներն իրականացնելու համար, իսկ ժամկետային ավանդները տեղաբաշխվում են նպատակային նշանակություն ունեցող միջոցների ձևով։

Առևտրային բանկերի պասիվ գործարքների օբյեկտներ են հանդիսանում միջբանկային ազատ դրամական ռեսուրսները։

Ակտիվ գործառնություն՝ բանկերի ակտիվ օպերացիան ենթադրում է սեփական և փոխառու կապիտալի տեղաբաշխում՝ շահույթ ստանալու համար։ Բանկերի վարկային գործառնությունների նպատակն է՝ ձեռնարկությունների, բնակչության ու պետության վարկավորումը։ Պատահական չէ, որ բանկերն անվանում են վարկային ձեռնարկություններ։

Բանկերի ակտիվ գործարքների հիմնական մասը կազմում են վարկային և արժեթղթերով գործառնությունները։

Վերջին ժամանակաշրջանում բանկերը կատարում են նաև լիզինգային և ֆակտորինգային ծառայություններ։

Լիզինգը՝ դա բանկի կողմից ձեռք բերված ունեցվածքն է այն վարձակալության տալու համար։ Դա ձեռնարկություններին ֆինանսավորելու նոր ձև է, որը հավասարապես օգտակար է միջոցները լիզինգի ձևով տրամադրողի և այն օգտագործողի համար։

Ֆակտորինգը՝ դա կոմպոնիայի դեբիտորային գործունեության հանձնումն է բանկին՝ կառավարելու համար։ Ֆակտորինգը հանդիսանում է գործակալներին սպասարկելու ունիվերսալ համակարգ, որն իր մեջ ներառում է հաշվային, գովազդային, իրացման, ապահովագրական, վարկային և իրավաբանական ձևերը։ Ֆակտորինգի շնորհիվ նշանակալիորեն արագանում է հիմնական և շրջանառու միջոցների շրջանառությունը և դրա հիման վրա՝ բարձրանում դրանց արդյունավետությունը։

  翻译: